11/01/2024 14:30
Խաղաղապահներն իմանալով, որ Շոշում ողջ մնացած մարդիկ կան, չեն թույլատրել, որ որոնողական խմբերը մտնեն
Շուշի քաղաքից 4 կմ հարավ-արևելք՝ Կարկառ գետի աջափնյակում գտնվող Շոշ գյուղը 2020 թվականին դարձել է առաջնագիծ, իսկ 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո՝ առաջինն է ընկել։ Պատճառն այն է, որ գյուղը 3 կողմից շրջապատված էր ադրբեջանական դիրքերով, միայն մեկ կողմից՝ գլխավոր ճանապարհով կապ կար Արցախի մայրաքաղաքի և Ասկերանի վերին ենթաշրջանի հետ։
44-օրյա պատերազմից հետո համայնքի ղեկավարի գլխավորությամբ գյուղի ջահելները ջոկատ են կազմել և գիշերները հերթապահել, որ Շուշիից կամ դիմահայաց ադրբեջանական դիրքերից ոտնձգություններ չլինեն։ Համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում պատմել է գյուղի, շոշեցիների կրած զրկանքների ու այն դժոխքի մասին, որն անցան մեծ դժվարությամբ՝ բարեբախտաբար, առանց կորուստների։
«Կեսօր էր, ես գյուղամեջում էի և պատրաստվում էի տուն գնալ, երբ սկսվեց պատերազմը։ Դպրոցն ու մանկապարտեզը իրար կողքի են։ Անմիջապես երեխաներին ուսուցիչների հետ միասին տեղափոխեցինք ապաստարան, ճիշտ է, այդ ժամանակ դեռ դիրքերն էին հրետակոծում, գյուղում արկ չէր ընկել։ 4 տարեկան երեխաս հիվանդ էր, ծնողներս էլ տանը։ Շտապեցի տուն, մերոնց էլ տեղավորեցի մեքենայիս մեջ, անգամ մորս դեղերը չեմ վերցրել, ոչ մի բան, ժամանակ չկար։ Ապաստարան գնալու ճանապարհին մեքենան «խոդ» չէր ընկնում, ոտքով այդ ամենը արագ կազմակերպել եմ։ Հետո հրահանգել, որ ամբողջ գյուղը տեղավորվի դպրոցի ապաստարանում: Ի դեպ, մեզ մոտ էին նաև հարևան Մխիթարաշեն գյուղի բնակիչները։ Ես բարձրացել եմ դիրքեր, որը մեզանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր»,- պատմել է Էրիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը րոպե առ րոպե փոխվում էր ոչ մեր օգտին։ Այդ ժամանակ ամբողջ գյուղը սպասում էր ռուս խաղաղապահներին։ Խոսակցությունները չէին դադարում, որ շուտով կհասնեն ու կտարհանեն բնակչությանը, սակայն այդպես էլ չեկան։ Գյուղի տղամարդիկ ներքին կապով խոսել են համայնքի ղեկավարի հետ, վերջինս իջել է դիրքերից, որ ինքը դիմավորի խաղաղապահներին, ու իր ձեռքով ամբողջ գյուղի տարհանումը կազմակերպի։
«Մինչ ես կիջնեի դիրքերից, այդ ընթացքում մեկ արկ ուղիղ նշանակետով ընկել է դպրոցի բակը, տեղում բեկորային վնասվածքներ են ստանում մեր համագյուղացիներ Սամվել Իշխանյանը, Գեղամ Բաբայանը, Գեղամ Հարությունյանը և Գոռ Գարաքյանը, վերջինս դպրոցահասակ է։ Իսկ Ներսես Մեհրիբյանը աներոջ բակում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստանում մեջքի շրջանում։ Հետո կրակում են մեքենայի ուղղությամբ, մեքենան վնասվել է, բայց իրենք դուրս են եկել»։
Կապ չկար ո՛չ մայրաքաղաքի, ո՛չ էլ Ասկերանի շրջվարչակազմի հետ։ Աբրահամյանն ասել է, որ տեսարանն ապաստարանում ահավոր էր։ Բոլորը վախեցած էին, առավել ևս երեխաները։
Վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, իսկ գյուղից դուրս գալն անհնարին էր դարձել, ադրբեջանցիները շատ մոտ էին, Շոշը՝ պաշարված։
«Երեկոյան ռուս խաղաղապահները եկան ԲՏՌ-ով։ Հարցրեցի՝ «ինչո՞ւ ավտոբուսներով չեք եկել, մարդիկ պիտի դուրս գան, իրավիճակը գնալով ավելի է վատանում», պատասխանը գոհացնող չէր՝ «մենք գնում ենք, դուք եկեք մեր հետևից»: Ասացի՝ ո՞նց եք պատկերացնում, մարդկանց մասին է խոսքը, երեխաներ, տարեցներ, հղի կանայք կան, ընդհանուր 600 մարդ ինչպե՞ս պիտի ոտքով քայլեն։ Զանգեց իրենց շտաբի պետին ու հեռախոսը փոխանցեց ինձ։ Նա հրամայական տոնով ասաց․ «Կա՛մ հանձնեք ձեզ մոտ ունեցած զենքերը, ենթարկվեք մեր հրամաններին, կա՛մ այդքան մարդու ճակատագրի պատասխանատվությունը ձեր վրա է»։ Ես կանգնել եմ երկընտրանքի առաջ, զենքերը հանձնենք, բա մեր տղերքին ինչպե՞ս ենք օգնելու»,- հիշել է Էրիկ Աբրահամյանը։
Ինչևէ, որոշումը ծանր էր, քանի որ ադրբեջանցիներն արդեն Շոշի տներին մոտ էին ու կրակում էին ամենուր, ծայրամասային թաղամասերում գտնվող բնակարաններն էին վառում, իսկ բնակիչներին փրկել էր պետք։ Գյուղը տարհանվեց։ Խաղաղապահները շոշեցիներին ուղեկցել են մինչև իրենց բլոկպոստ։ Հիշում է՝ Ստեփանակերտ տանող ճանապարհը նման էր կյանքի ու մահվան խաչմերուկի։
«Գիշերը, երբ հասել ենք Ստեփանակերտ, այնտեղ հասկացել ենք, որ 3 հոգի չկան, տարեցներ են, իրենց հարազատների անուշադրության պատճառով մնացել են գյուղում, ևս մեկ հոգու մասին հակասական կարծիքներ կային. մեկն ասում էր՝ «դուրս է եկել», մյուսն ասում էր՝ «հետ է գնացել»։ Հաջորդ օրն իմացանք, որ 4 հոգի բացակա են։ Հրադադարից հետո փրկարարների հետ ես էլ սկսեցի մասնակցել որոնողական աշխատանքներին։ Ռուս խաղաղապահները, իմանալով, որ գյուղում ողջ մնացած տարեցներ կան, մի քանի օր չեն թույլատրել, որ որոնողական խմբերը մտնեն Շոշ։ Պատկերացրեք, ես անձամբ եմ խնդրել ադրբեջանցի մի երիտասարդ սպայի, նկարագրել իրավիճակը, նա ինքն է կազմակերպել, որ առանց ժամանակ կորցնելու ողջ մնացած մարդկանց տարհանենք»,- ասել է կայքի զրուցակիցը։
4 օր անց Շոշից 3 տարեցներ տարհանվում են և տեղափոխվում հիվանդանոց։ Էրիկ Աբրահամյանի խոսքով՝ համագյուղացի Լյովա Թարխանյանից տեղեկություն չի եղել մինչև այն պահը, երբ գաղթից 33 օր անց՝ Լյովային Կարմիր խաչը Բաքվից տեղափոխել է Հայաստան։ Նա գերեվարվել է Դաշուշեն գյուղի անտառից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։