11/01/2024 18:03
«Արժևորում ենք այն դերը, որն ունի Ճապոնիան մեր տարածաշրջանում»․ Խաչատուրյանը՝ դեսպանին
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են․
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ Ձեր անձնական գործունեությամբ ու ջանքերով ավելի կխորանա Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամությունը:
Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները՝ հաստատումից ի վեր, առանձնահատուկ են դարձել, դրանք եղել են անկեղծ, իսկապես բարեկամական և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ փոխգործակցություն ենք ունեցել:
Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր են եղել այն բոլոր ծրագրերը, որոնք Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվել են, և ես վստահ եմ, որ դրանք նաև իրենց շարունակությունը կունենան:
Մենք նաև արժևորում ենք այն դերը, որն ունի Ճապոնիան և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, որը միտված է խաղաղությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»:
Նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար, ասել է. «Մինչև Հայաստան ժամանելը և արդեն այստեղ նկատել եմ, թե որքան շատ են մարդիկ, որոնք ցանկանում են մեր երկրների հարաբերություններն ավելի զարգանան: Բոլորն ասում են, որ մենք ունենք ընդհանրություններ և շատ ընդհանուր արժեքներ: Ես իմ ջանքերը չեմ խնայի մեր երկրների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև բազմաշերտ համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Շեշտվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունն ու վերջինիս ամբողջական իրականացմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման հնարավորություններին, այս համատեքստում ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանման անհրաժեշտությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ տարբեր մակարդակի քաղաքական փոխայցելությունները, ինչպես նաև ակտիվ դիվանագիտական, մշակութային շփումներն ու ոլորտային համագործակցությունը նպաստում են երկու ժողովուրդների միմյանց ճանաչելուն և ամրապնդում են երկրների միջև առկա փոխգործակցությունը:
Դեսպան Յուտական, անդրադառնալով հայ-ճապոնական կապերի շարունակական սերտացմանը, նշել է, որ վերջին տարիներին Ճապոնիայում ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով, մասնավորապես՝ Ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների ուղիով ընթանալու պատճառով:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևորությունն ու դերակատարությունը երկրի հետագա զարգացման գործում»: