11/01/2024 14:04
Եթե Վարդան Ղուկասյանը չլինի, «Հանրային ձայն» կլինի՞. Ղուկասյանը պնդում է՝ համագումարը կկայանա և կուսակցականներն էլ օրինական որոշում կկայացնեն
«Հանրային ձայն» կուսակցությանը Վարդան Ղուկասյանի անդամությունը դադարեցնելու մասին հայտարարությունը Ղուկասյանն անհիմն է համարում և հայտարարում, որ ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի «Հանրային ձայն» կուսակցության հետ առանց Վարդան Ղուկասյան։
««Հանրային ձայն» կուսակցությունը ես եմ ստեղծել, համահիմնադիրը ես եմ, մարդուկնիկ նստում թուղթուգրիչով գրում ջնջում են, իրենց արևով պեչատ խփում, դուք էլ տարածո՞ւմ եք։ Ասում եմ՝ խորհրդի կազմը 29 հոգի է, կազմից 2/3-րդը, այսինքն՝ գոնե 17 հոգի պետք է հավաքվեր իրար գլուխ ու որոշում կայացներ մի անձի շուրջ, ով ստեղծել է այդ կուսակցությունը։ Մարդուկնիկ, մեկ էլ ախպերը նստել գրել են, ու վսյո՝ Վարդան Ղուկասյանի անդամությունը դադարեցվում է։ Նման բան հնարավո՞ր է, որ Վարդան Ղուկասյանը չլինի, «Հանրային ձայն» կլինի՞», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը։
Ղուկասյանը պատմեց իր և Արտակ Գալստյանի միջև առաջացած խնդիրը՝ նշելով, որ Արտակ Գալստյանի կենսագրությունն ամբողջովին հորինված է ու թեև Արտակ Գալստյանն իրեն է անվանում «самозванец», բայց ինքը հիմքեր ունի կասկածելու, որ նրան ուղղորդում են։
«Երբ քաղաքապետի ընտրություններին իմ կոտրած ձեռքով ես իրան գրեցի առաջին համար, մենք ունեցանք պայմանավորվածություն։ Իր ձեռքում բերդում միշտ եղել է հեռախոս։ Օրը 24 ժամ եղել է հասանելի, ինչը ինձ համար զարմանալի էր, ինչու մեր մյուս տղաները, որոնք բերդերում են, հեռախոս չունեն, իսկ Արտակ Գալստյանն ունի, և որ ժամին զանգում ես, ասում է՝ ալյո։ Պայմանավորվեցինք, որ գրում ենք առաջին համար, քաղաքապետ կանցնենք՝ լավ, եթե ոչ՝ դու պետք է մանդատը վայր դնես, որ մյուս անդամները գան, մարդն ասեց՝ այո։ Անցանք, պրծանք, ասեցի՝ մանդատդ վայր դիր, ասեց՝ ես սրանով ուզում եմ դուրս գամ կալանավայրից։ Ասեցի՝ քեզ չեն թողնելու, մանդատդ ԱԺ պատգամավորի մանդատ չի, «какой нибудь» ավագանու մանդատ է...», - պատմեց Ղուկասյանը և հավելեց, որ ինչպես և կանխատեսելի էր՝ դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքը և կալանքը ևս 3 ամիս ավելացրել է, որից հետո կրկին դիմել է՝ մանդատը վայր դնի, որ նորերը գան։
«Ասեց՝ չէ, ասեցի՝ դու քֆուր էիր կերել դաժե... ո՛չ, ո՛չ ո՛չ, և մեր մեջ հարաբերությունները լարվեց։ Տեսա՝ մարդը սիստեմաբար ուղղորդում է ավագանիներին տարբեր հարցերով․ այս արեք, այն արեք, իմ նկարը կաբինետում կախեք, ասում եմ՝ էտ մարդու նկարը ինչի՞ եք կախել, մեռելա՞, մի ավագանի դուք եք, մեկն էլ՝ նա։ Համբերությանս բաժակը լվեց, երբ իմացա՝ բերդում 4 հոգով համագումար են անցկացրել։ Կամ դա բե՞րդ է, թե՞ բանկետի զալա, այսինքն՝ ես պետք է թույլ տամ իմ թիկունքում մարդիկ համագումա՞ր անեն, ես ֆեյսբուքյան էջից իմանա՞մ, որ համագումար են արել», - ասաց նա։
Վարդան Ղուկասյանը նշեց՝ թեև հայտարարությանը, որ կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարն ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային ձայն» կուսակցության հետ, այդուհանդերձ, համագումարը կայանալու է։
«Ինքն ինչ ուզում է՝ թող գրի, կուսակցության պահանջով է դա, 345 հոգին կգան և այդ հարյուրավոր մարդիկ կորոշեն՝ Արտակ Գալստյանը մնո՞ւմ է նախագահ, թե՞ ոչ։ Նախընտրում են Վարդան Ղուկասյանին, ում անձով պայմանավորված է հաղթանակը, քաղաքապետարան մտնելը։ Կնախընտրեն Արտակ Գալստյանին՝ խնդրեմ, մենք գնացինք», - ասաց նա և նշեց, որ կուսակցության անդամները և նաև վարչության անդամները մեծ հաշվով այս որոշման հետ համաձայն չեն։