11/01/2024 14:53
Ես որ ինձ չգովեմ, ոչ մեկ չի գովա, նախ ասեմ՝ պիտի շնորհակալություն հայտնեմ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին. Վիլեն Գաբրիելյան
Ես որ ինձ չգովեմ, ոչ մեկ չի գովա, նախ ասեմ՝ պիտի շնորհակալություն հայտնեմ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին. ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը։
Նա բացատրեց, որ քննարկման առարկա հանդիսացող հարցն ինքն ի սկզբանե հաշվի էր առել և ծառայողական զենք հասկացությունը նախագծից հանել էր։
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է նախագծում հավելել, որ Քնչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսվի մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն՝ հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները։
Սակայն, ՔԿ-ն այստեղ խնդիր էր տեսել, քանի որ թույլատրվում է միայն ծառայողական զենք կրել, մինչդեռ Քննչական կոմիտեի սպառազինության մեջ առկա են «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, որոնք մարտական են համարվում և եթե քննիչը կրի՝ օրենքի այս նախագծով համարվելու է անթույլատրելի։
Առաջարկվեց «Մակարովը» փոխարինել «Բայկալ» զենքի տեսակով, որը համարվում է ծառայողական զենք։ «Թեև բացարձակապես տարբերություն չկա այս զենքների միջև, ուղղակի արտադրողները գրել են ծառայողական, մյուսը՝ մարտական»,-ասաց պատգամավորներից մեկը։
«Հիմա ասում եք՝ ո՛չ, դուք պետք է ծառայողական կրեք, ստացվում է՝ ամբողջ եղած արսենալը պետք է տանենք շպրտենք, «Բայկալ» գնենք»,-ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
«Խնդիրը կայանում է նրանում, որ դաշտը ուսումնասիրել ենք, իմացել, որ ծառայողական զենք հասկացությունը հանել ենք, բայց քանի որ ծավալուն թեմա էր, խնդրեցին այս փուլում զերծ մնալ։ Ծառայողական զենքի սովետական ոճից է փաստացի մնացել, այսօր էլ մի քանի ԱՊՀ երկրներում՝ նույն ՌԴ-ում աշխատում են, որ խնդիրը լուծեն։ Հարցի լուծումը տվել ենք, հետո հրաժարվել։ Այս փուլում, որ եղածը չբարդացնենք, ճիշտ կլինի, ոնց կտաք՝ տենց կանենք, չեմ շտկի, որ այդ խնդիրը լուծենք»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։