11/01/2024 11:43
«Լավ վարսավիր լինելը դեռ չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել». կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կօգնի աշխատանքային փորձ ձեռք բերել
Կառավարությունը հաստատեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, հետո՝ առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդի դեպքում վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր է աշխատանքի տեղավորումը՝ առնվազն երեք ամիս ու 3-րդի դեպքում՝ բոլորը միասին՝ մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա ու աշխատանք։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում, այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում պետք է վերապատրաստում անցնի անձը։
«Այդ ընթացքում մենք ԼՂ-ից բնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրելու ենք 50 հազար դրամ կրթաթոշակ ու 50 հազար դրամ՝ վճարելու ուսման վարձը, այնուհետև, երբ կներկայացնի տեղեկանք, որ ինքն անցել է կրթական շրջանը, առնվազն երեք ամիս ժամկետով կկքնվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ ու գործատուին 50 հազար դրամի չափով 3 ամսվա ընթացքում կփոխհատուցվեն հարկերը»,- նշեց նախարարը։
Երկրորդ բաղադրիչով, ըստ նախարարի, գործատուի ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը կդիտարկվի պարտադիր վճարովի պրակտիկա։
«Գործատուին մենք ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին կվճարվի 50 հազար դրամ»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ամեն մարդ չի կարող մասնագիտական ուսուցում մատուցել, պետք է հասկանալ՝ ուր են դիմում ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, կարևոր է, որ հաստատությունը լիցենզիա ունենա։
«Մենք պետք է տնայնագործական տրամաբանությունը բերենք որոշակի կարգավորումների դաշտում տեղավորենք, որովհետև լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել»,- ասաց նա։