11/01/2024 10:05
«Հրապարակ». Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջև
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կախիչ» օպերացիային «զոհ» դարձած Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջև։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնը մեկ շաբաթ է` թափուր է, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ուզում իր «մարդուն» նշանակել, քանի որ կոմիտեի գործունեությունը հաճախ խաչվում է քաղաքապետարանի մի շարք պատկան վարչությունների գործունեության հետ, ընդ որում՝ եկամտաբեր վարչությունների։ Իսկ թե ով է նրա թեկնածուն, մեր աղբյուրները չեն հայտնում։ Մյուս կողմից՝ այս պաշտոնի համալրման հարցն իր ձեռքից չի ուզում բաց թողնել վարչապետի աշխատակազմը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի։ Իսկ Ղուլարյանն այն մարդն էր, որը բավարարում էր բոլոր կողմերի ակնկալիքները և ենթարկվում էր բոլորին։
Կառավարությունում խոսում են, որ թերևս սա է պատճառը, որ Փաշինյանը հրաժեշտ տվեց իր համերկրացուն, որն իրականում ավելի փոքր պատասխանատվություն էր կրում դպրոցաշինական աշխատանքներում հայտնաբերված թերացումների համար, քան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մարզպետները և ԿԳՄՍ նախարարը։ Բանն այն է, որ շինարարական աշխատանքների 2021-2026 թթ. ծրագրի պատասխանատու և համակարգող է նշանակված Տիգրան Խաչատրյանը։ Այդ ծրագրով կառավարությունը նախատեսում է մինչև 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առայժմ միայն նկատողություն է եղել, ասում են՝ Փաշինյանը նաև կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետի հետ»։