12/01/2024 21:00
Փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր երկրի ներսում արհեստական օրակարգեր են ստեղծում․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ընդգծում է՝ Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, իսկ Հայստանի իշխանական թիմը երկրում արհեստական օրակարգեր է առաջ բերում՝ զուգահեռաբար վստահեցնելով, թե «խաղաղություն» են բերում։ «Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն»,- նշում է Աբրահամյանը։
«Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի:
Փաստացի՝ իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում` Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրողի որակում է տալիս, իսկ իր` պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն ի սկզբանե Հայաստանի «գրպանը գցում»:
Ադրբեջանի` օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով:
Մեկ քաղաքապետարանն է թեման իր վրա քաշում, մեկ մայրուղուց վաղուց «աբոչինա» շուռ տված անդրանիկքոչարյանական զանգվածն է իր հանձնաժողովն այս կամ այն կողմ անում, մեկ ինչ-որ զրոյական նշանակության միջադեպ են առաջին պլան բերում: Մի խոսքով, շարքը երկար է:
Դե, թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է` սրանք էլ էստեղից գոռում են` մենք գնում ենք խաղաղության ճանապարհով:
Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն»,- սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: