12/01/2024 18:47
Վրաստանը Լեհաստանից զենիթահրթիռային համակարգեր կգնի
Վրաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել լեհական MESKO S.A ընկերության հետ` զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան հանդիպել է լեհական MESKO S.A ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո պայմանագիր է ստորագրվել լեհական արտադրության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ: Նշված փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման ծրագրի շրջանակներում»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի ԶՈՒ-ում ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան սպառազինության ներդրման հարցը, ինչը, ըստ Վրաստանի ՊՆ-ի, կնպաստի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։
Գերատեսչությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ զենիթահրթիռային համակարգեր է գնել Վրաստանը Լեհաստանից։