12/01/2024 12:51
Արամուս գյուղի ռեստորանում կրակոց է հնչել, կա վիրավոր, ըստ հրապարակումների՝ կրակողը Տիրան Խաչատրյանն է. ի՞նչ են ասում իրավապահները
Հունվարի 11-ին ժամը 23.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«ժամը 23.39-ին «Աբովյան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար», - տեղեկացրեց նա:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Նշվում է, որ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ: Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Aysor.am-ին ասաց, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
«Կատարվում է նախաքննություն։ Կա տուժած անձ։ Այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ նախաքննության շահերից ելնելով», - նշեց նա։