12/01/2024 12:22
Եվ ահա Ալիևը վերջակետ է դնում... ․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր ջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ որևէ այլ վայրում սահմանը չի բացի։
Նա, մասնավորապես, գրել է. «Երեք տարի է, որ շարունակվում է դիվանագիտական անարդյունք գործունեությունը, ավարտվեց նաև 2023 թ., նորից առանց խաղաղության պայմանագրի: Հայաստանին և Ադրբեջանին մեկ Բրյուսել տարան, մեկ Մոսկվա, մեկ էլ Վաշինգտոն: Եղան հայտրարություններ, կոչեր, ցավակցություններ 2023թ. սեպտեմբերին, հետո կրկին նույն սցենարով ամեն ինչ կրկնվեց:
Զարմանալի է, որ մի քանի տերությունների, գումարած միջազգային կառույցների, գումարած Իրանի և Թուրքիայի, գումարած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և դիվանագիտական անձնակազմի այդ բազմության մեջ հարցի լուծումը չի գտնվում: Եվ ահա Ալիևը վերջակետ է դնում. եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Բաքուն ոչ մի այլ վայրում չի բացի Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջանը»։
Նրա խոսքով, «Ադրբեջանից Ադրբեջան [Հայաստանով Նախիջևան] մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի»,- ասել է Ալիևը։ Նա կարծում է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չգործարկվի, Հայաստանի իշխանություններն «ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։
Հանրահայտ ասացվածք է, որ պատերազմը դիվանագիտության տապալման հետևանք է: Բայց քանի դեռ չենք հասել դրան, կա մի ելք... Հայաստանի և Ադրբեջանի անկախ փորձագիտական հանրության ներգրավումը գործընթացի մեջ, առանց երրորդ կողմի և կառավարական միջամտության»: