12/01/2024 13:08
ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային. Քիրբի
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ռազմական օգնության վերջին փաթեթը, որի համար նախատեսված էր ֆինանսավորում, գումարը կազմում է 250 մլն դոլար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինային՝ նման ծրագրերի համար բյուջետային միջոցների բացակայության պատճառով:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում դադարել է, քանի որ Վաշինգտոնում շարունակվում են բանակցություններն օգնության փաթեթի շուրջ, որը կարող է կապված լինել սահմանին անվտանգության միջոցառումների վերանայման հետ:
Նա ընդգծել է, որ ձմռան ամիսներին Ուկրաինան սպառազինության մատակարարման հատկապես սուր անհրաժեշտություն է զգում:
Վաշինգտոնի վարչակազմը գրեթե չորս ամիս առաջ Կոնգրես է ուղարկել 2024 ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների հարցում, որը սկսվել է ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին, առաջին հերթին Իսրայելին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին ու Ռուսաստանին հակազդելու համար: Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար իշխանության գործադիր ճյուղը՝ ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորությամբ, ցանկանում էր ստանալ մոտ 106 մլրդ դոլար։