12/01/2024 09:49
«Ժողովուրդ». Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալները դժգոհություններ են բարձրացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի բանտից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներն ու դատապարտյալները դժգոհություններ են բարձրացնելու։
Մեզ ահազանգած կալանավորները նշում են, որ պատերազմից հետո Արցախում գտնվող կալանավորվածների ու դատապարտյալների նկատմամբ համաներում եղավ, ու բոլորը ազատ են արձակվել, և ինչու այդ համաներումը չի կիրառվում Արցախից տեղափոխված և այժմ ՀՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների նկատմամբ, որոնք անազատության մեջ են:
Ավելին՝ վերջին օրերին հարցեր ենք ստանում, թե, առհասարակ, համաներում ՀՀ-ում 2024 թվականին լինելու է, թե ոչ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել գրավոր։ Կսպասենք նախարարության պաշտոնական պատասխանին»։