12/01/2024 13:22
Կոտայքում ոստիկանները վնասազերծել են Տիրան Խաչատրյանին, ով կասկածվում է «Էրիկի մոտ» ռեստորանում կրակոց արձակելու մեջ
Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրում, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը և, ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:
Այս պահին Տ. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնում է, և նրան ոստիկանությունից ներկայացնելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Արամուս գյուղի ռեստորանում կրակոց էր հնչել, կար վիրավոր, ըստ հրապարակումների, կրակողը Տիրան Խաչատրյանն է եղել։