12/01/2024 11:19
Ամաչում եմ նայել այն մայրերի աչքերին, ում որդիների շիրիմները Արցախում մնացին, իսկ ես Եռաբլուր կարող եմ գնալ...
«Իննամսյա շրջափակումից հետո եկանք Հայաստան, առաջինը գնացի Եռաբլուր, գրկեցի Արամիս, հիմա էլ Երևանից կարոտում եմ Արցախում հուղարկավորված եղբայրներիս շիրիմներին». Լորետտա Բախշիյանի ընտանիքը հայրենիքի պաշտպանության մարտերում թանկ գին է վճարել։
MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է ընտանիքի գլխով անցածը։ Դժվարությամբ է մեծացրել որդուն, բայց 2020 թվականի պատերազմում Արամը զոհվել է։ Նույն պատերազմում կորցրել է նաև եղբորը՝ Կամոյին, մի քանի ամիս անց ականի պայթյունից զոհվեց ավագ եղբայրը՝ Մուրադը, որին այդպես էլ քաղաքացիական զոհի կարգավիճակ չեն տվել, չնայած, որ կամավոր է եղել բոլոր պատերազմներում։
«Քանի որ Արամը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ եղբայրներս՝ Արցախում, շրջափակման ամբողջ ժամանակահատվածում որդուս կարոտը փարատել եմ եղբայրներիս շիրիմներին այցելելով։ Տեղահանությունից հետո, երբ եկել եմ Երևան, տեսել եմ որդուս գերեզմանին թարմ ծաղիկներ, հասկացել եմ, որ այստեղ մենակ չի եղել։ Հիմա ամեն օր եմ գալիս»,-ասում է տիկին Լորետտան, ապա հիշում այն սարսափելի ժամանակները, որի միջով անցել է ինքը։
Դժվար ու դաժան օրեր նա շատ է տեսել։ Սկսած պատերազմի օրերից, Արամի հետ կապ չհաստատելուց, մինչև ամիսներ անց նրա դին Մեծամորի դիահերձարանում գտնելը, որը ճանաչել են կրծքավանդակի շրջանում դաջվածքից․ «Մորգում այդպես էլ ասացին՝ «գայլի դաջվածքով տղան»: Հիմա, բոլորից լավ եմ հասկանում այն մարդկանց ապրումները, ովքեր որդիների թարմ շիրիմները թողել են Արցախում։ Ես նույնիսկ ամաչում եմ նայել այդ մայրերի ու քույրերի աչքերին, ասել, որ գալիս եմ Եռաբլուրից։ Ո՞նց ասեմ, ես ամաչում եմ անգամ մորս աչքերին նայել, հերոս տղերք է թողել Արցախում։ Հիմա սիրտս 2 կես է դարձել, մի մասը եղբայրներիս գերեզմաններում, Ստեփանակերտի հուշահամալիրում, մի մասը՝ Արամիս կողքին։
Ցավալի բան է, որ տոն ու հիշատակի օրերին չես կարող այցելել հարազատիդ շիրիմը խնկարկես»,-ասում է արցախցի կինը, ով 9 ամիս նույն ցավն ինքն է ապրել պաշարված Արցախում։
Բռնի տեղահանվելուց հետո Լորետտան որդու տապանաքարին գրություն է գտել։ Համածառայակից երևանցի Հայկն է թողել իր հեռախոսի համարը, ասել, որ Արամն իր ընկերն էր և ուզում է կապը պահել նրա ծնողների հետ.
«Տղայի ձայնը լսել ու արտասվել եմ, Արամիս ընկերն էր»։
Արամը հետաքրքրված էր սպորտով, Երևանի մարզադպրոցներից մեկում էր ուսանում նախքան պատերազմը։ Մայրն ասում է շատ ընկերասեր երիտասարդ էր որդին, նվիրվում էր նրանց, ում սիրում էր։ Մի առանձնահատուկ հարգանք ուներ մորեղբայրների նկատմամբ, որոնց հետ էլ նույն տարում՝ տարբեր օրերի անմահացան։