12/01/2024 16:46
Ծանոթացել եմ «Խաղաղության պայմանագրին»․ ադրբեջանական օրակարգեր են, հայկական կողմը միայն պնդում է, որ «խաղաղություն» բառը վերնագրում լինի. Վարդանյան
Բանակցություններում որևէ մեկը չի կարող ասել՝ որն է հայկական օրակարգային կետը. քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հայտարարելով, որ իրենք ծանոթացել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների և սպասվող «Խաղաղության պայմանագրի» մանրամասներին։
Նա հայտարարեց նաև, որ երկու կետի շուրջ է բանակցություն տարվում, և հայկական կողմի պնդումները երկուսն են՝ նախ, որ անպայման լինի «խաղաղություն» բառը վերնագրում և ապա այնպիսի ձևակերպումներ տեղ կգտնեն, որ հանրային դիմադրություն չառաջացնեն։
«Այսինքն՝ խնդիր չունի օրակարգի հետ, խնդիր ունի ձևակերպումների հետ, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» չլինի, բայց տրամաբանությունը դա լինի»,-ասաց Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ 29,800 քկմ տարածքը պահելու չարչրկված թեման նույնիսկ երաշխիքներ չունի։
«Չկա որևէ երշախիք, որ Ադրբեջանը հրաժարվում է տարածքային հավակնություններից»,-ասաց նա և հավելեց, որ ծանոթանալով փաստաթղթերին՝ կարող է ասել, որ ամբողջությամբ ադրբեջանական օրակարգերն են արտացոլված։
«Ես չեմ տեսել մի բան, որ ասենք՝ այս պայմանագրի ստորագրումից հետո ձեռք ենք բերել։ Այն պահին, երբ Ադրբեջանի ղեկավարն ուզենա, ստորագրելու է, Ադրբեջանը պարզապես ուզում է ամրագրել իր ձեռք բերածը, և այդտեղ ձևակերպումների շուրջ են բանակցությունները։ Նաև, որ չսահմանափակվեն ապագայի գործողությունները»,-ասաց նա։