13/01/2024 11:10
Ադրբեջանը հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի ԱՄԴ որոշումները․ «HRW»-ի զեկույցը՝ բռնահանված արցախցիների մասին
Ըստ կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը՝ 2023 թվականին Հայաստանի համար կարևոր իրադարձություններ էին:
«Human Rights Watch»-ի փոխանցմամբ, «ավելի քան 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը, [2023 թվականի] սեպտեմբերին հեռացավ Հայաստան՝ Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով Ադրբեջանի [ձեռնարկած] ռազմական գործողությունից հետո»:
Զեկույցն ընդգծում է, որ Բաքվի նախաձեռնած ռազմական գործողությանը նախորդել էր Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ ամիսներ տևած սուր պակասը՝ 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի կողմից դադարեցվելու պատճառով։
Զեկույցի՝ Բաքվին վերաբերող հատվածում կազմակերպությունը հիշեցնում է․ «Ադրբեջանը հրաժարվել է կատարել [ՄԱԿ-ի] Արդարադատության միջազգային դատարանի [2023 թվականի] փետրվարի և հուլիս ամսվա միջանկյալ որոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին ապահովել «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»»։
Նաև նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, Բաքուն ձերբակալել է «դե ֆակտո իշխանությունների մի քանի ղեկավարների»՝ նրանց մեղադրելով այդ թվում ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ»։
Զեկույցը, սակայն, «պատմական» է որակում 2023 թվականի դեկտեմբերի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ու զինծառայողների փոխանակման մասին:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։