13/01/2024 11:22
Բրյուսելում ՀՀ դեսպանը մանրամասնել է ԼՂ-ում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը
ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչի հրավերով Բրյուսելում ՀՀ դեսպանը քննարկեց ԵՄ-ի հետ գործընկերության խորացումն անդամ երկրների հետ: Այդ մասին հայտնում են Բրյուսելում ՀՀ դեսպանի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ հունվարի 12-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է կլոր սեղան- քննարկմանը, որին ներկա էին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն էր 2023 թ․-ի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությանը։
Քննարկման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ ի հաջորդումն ԵՄ խորհրդի որոշումների։ Նա անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։
Հանդիպման մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի բարեփոխումների ու խաղաղության օրակարգին և խոստացան շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը։
Իր ներածական խոսքի և հարց ու պատասխանի ընթացքում, դեսպան Բալայանը ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։
ՀՀ դեսպանը մանրամասնել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն էլ ավելի ակնառու դարձավ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։