13/01/2024 16:13
Շտապօգնության բժշկին ծեծի են ենթարկել 3 անձինք, նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում․ Նոր մանրամասներ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նույնպես արձագանքել է «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի հետ կապված միջադեպին։
«Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41 ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։
Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Բուժառուն բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։
Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»,- նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկի նկատմամբ բռնություն է գործադրվել։