13/01/2024 19:05
«Մեր համբերությունը սպառվում է»․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում սպառնալից տոնով է խոսել Իրանի մասին՝ նշելով, թե «միջազգային հանրությունը կորցնում է համբերությունը»՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ու պնդելով, թե Իրանը ազդեցություն ունի Եմենի ապստամբ հութիների վրա, ուստի պետք է ստիպի նրանց՝ դադարեցնել գրոհները առևտրային նավերի վրա։
«Դուք պետք է ստիպեք հութիներին և ձեր մյուս խամաճիկներին՝ «Հըզբոլլահ»-ին և որոշ ուժերի՝ Իրաքում և Սիրիայում, դադարեցնել իրենց գործողություններն ու հետագայում էլ հրաժարվել դրանցից, քանի որ մեր ու աշխարհի համբերությունը սպառվում է»,- հայտարարել է Շապսը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Իրանի ղեկավարությանը։
«Մենք հիանալի տեսնում ենք՝ դուք ինչ եք անում, ինչպես եք անում, հատկապես, եթե խոսքը հութիների մասին է, և դա լավ ավարտի չի հանգեցնի»,- հավելել է նա։
Բրիտանիայի ՊՆ-ի հարցազրույցը հրապարակած The Daily Telegraph-ը հաղորդել է նաև, որ այս հայտարարությունը նա հնչեցրել է դեռ հինգշաբթի՝ Եմենի վրա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձեռնարկած հրթիռային գրոհից առաջ։