13/01/2024 13:11
Այս իշխանությունների համար այլընտրանք գոյություն չունի, կա՛մ պետք է տեղավորվես իրենց ապազգային կոնցեպտի մեջ, կա՛մ հեռանաս
Նախորդ իշխանությունների հետ մենք ունեինք գործառնական, ֆունկցիոնալ տարբերություններ, այս իշխանությունների հետ մեր հակադրությունները կոնցեպտուալ են․ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա նշեց, որ նախկինում էլ ամեն ինչ չէր, որ լավ էր, բայց եղած տարընթերցումները, անհասկացողություները հնարավոր էր քննարկումների ճանապարհով կա՛մ լուծել, կա՛մ պայմանավորվել հետագայում լուծելու համար։
«Մենք նկատի չունեմ զուտ եկեղեցու․ մեր ընկալումների, պատկերացումների մասին է խոսքը։ Այս իշխանությունների շրջանում կատեգորիկ հնարավոր չէ, որովհետև իրենց համար կոնցեպտը շատ հստակ է, դու պետք է կա՛մ տեղավորվես այդ ապազգային կոնցեպտի մեջ, կա՛մ պետք է դուրս մղվես, հեռանաս․ այլընտրանք գոյություն չունի»,-ասաց նա։
Սրբազանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «երբ եկեղեցին ուժեղանում է, պետությունը՝ տկարանում է»։ «Հիմա կարող է այդ կոնցեպտի շրջանում են իրենց որոշակի մտավախություններն ու վախերը»,-ասաց նա։