13/01/2024 18:18
Ադրբեջանն ու Ռուսաստանը ցույց են տվել, որ եռակողմ հայտարարությունն իրենց համար այլևս գոյություն չունի, ուրեմն չի կարող այնպես լինել, որ երրորդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ․ Փաշինյան
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը, բացարձակապես անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև, Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պահանջներին և, իր ձևակերպմամբ, «միջանցքային խոսույթ» ձևավորելու՝ Ադրբեջանի փորձերին։
«Փորձ է արվում նաև միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ընդ որում, երբ որ մենք ասում ենք՝ մի րոպե, դա նկրտում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ասում են՝ դա միջազգային խոսույթ է․ կա Հյուսիս-հարավ միջանցք և այլն․․․ Որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ասում ենք՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային»,- ասել է Փաշինյանը։
Ադրբեջանը, Փաշինյանի խոսքով, «միջանցքային խոսույթ» ձևավորելիս հղում է անում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
«Բայց, ըստ էության, այդ եռակողմ հայտարարության կողմերից երկուսը, ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի, այսինքն՝ այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են ԼՂ-ում, ընդ որում՝ ՌԴ և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի։ Չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլևս չկա, իսկ երրորդ կողմի համար այդ փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ»,- ասել է Փաշինյանը։