13/01/2024 10:01
«Ժողովուրդ». Բացի թերություններն արձանագրելուց ու մեծ աղմուկ բարձրացելուց, ի՞նչ է արվում, որպեսզի դրանք շտկվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում:
Գործադիրի ղեկավարի մարզային վերջին այցերն իսկական աղմկահարույց շոուներ են հիշեցնում. վերջինս այցելում է մարզեր, խնդիրներ արձանագրում, տեղում հրահանգներ տալիս ու վերջում էլ տվյալ մարզի մարզպետին ազատում աշխատանքից:
Մարզեր շրջայցերի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ հայտնեց ջրի թույլ ծորակներից, լոգարանի ցնցուղներից: Փաշինյանի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ դպրոցի սանհանգույցի ցնցուղն անգամ չխնայեց. քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով ճշտել դրա գինը, ինչն այդպես էլ օդում կախված մնաց: Բացի թերություններն արձանագրելուց ու մեծ աղմուկ բարձրացելուց, ի՞նչ է արվում, որպեսզի այդ թերություններն իսկապես շտկվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն:
Վարչապետի խոսնակ Նազելի Բազդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, ասաց, որ մարզային այցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում պետական բյուջեի միջոցներով մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով»։