13/01/2024 09:57
«Հրապարակ». Երկուշաբթի օրը մեկնարկող նիստում ընդգրկված է նաև «փողով զինգրքույկ վաճառելու մասին» աղմկահարույց նախագիծը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի մեկնարկում է խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որի առիթով երեկ խորհրդարանում իշխող խմբակցության նիստ է հրավիրվել, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստն ավելի քան կես ժամ նախատեսված ժամից ուշ է սկսվել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ստիպված է եղել բերման ենթարկել իշխանական պատգամավորներին, որոնք, ըստ ամենայնի, դեռ չեն կարողանում թոթափել ամանորյա բդաբլինչիկային տրամադրությունները և վերադառնալ աշխատանքային ռիթմի։
Նշենք, որ ԱԺ մեկնարկող նիստերի օրակարգում 30 նախագիծ է ընդգրկված, այդ թվում՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը` «փողով զինգրքույկ վաճառելու մասին»: Խմբակցության երեկվա նիստում զարմանալիորեն չեն քննարկել պատկան հանձնաժողովի որոշումը` ընդունելով այն ի գիտություն: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, և այն եկող շաբաթ երկրորդ ընթերցումով անցնելուց հետո օրենքի տեսք կստանա»։