14/01/2024 15:07
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նոր մանրամասներ
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է․
Չնայած գեներալի անցած ուղղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։
Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։
Ըստ ՆԳՆ-ի՝ տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգն ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին։ ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Կրակոցների հետևանքով տուժած անձն արդեն տուժող է ճանաչվել։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից,անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: