14/01/2024 16:47
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է․
«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` 18:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` նախագայությամբ դատավոր՝ Գագիկ Պողոսյանի»։
Նշենք՝ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ՝ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։
Ըստ ՆԳՆ-ի՝ տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգն ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 23.00-ին։ ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելու ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Կրակոցների հետևանքով տուժած անձն արդեն տուժող է ճանաչվել։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել Ջրվեժից,անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: