14/01/2024 11:48
Աստվածաշնչում էլ է ասում «պիտի նայես, պիտի նայես, ու պիտի չտեսնես»․ Փաշինյանին ցնցել է մասնագետների՝ Հայոց պատություն առարկան ՀՀ պատմություն վերանվանելու առաջարկը
Աստվածաշնչում էլ է ասում չէ՞ «պիտի նայես, պիտի նայես, ու պիտի չտեսնես», մենք այսօր էնքան բաներ կան, որ նայում, նայում ենք ու չենք տեսնում․ Գեղարքունիքի մարզում Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր խոսքերը հաստատող օրինակ բերեց․ «Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍ՝ առաջարկելով, որ դպրոցներում դասավանդվող Հայոց պատություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։ Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել»,-ասաց նա։
ՀՀ վարչապետ Փաշինյանը շարունակեց, թե կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ Հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։
«Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերոիթյուն կա՝ Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։ Այսինքն՝ առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որը շատ կարևոր են»,-ասաց նա և հավելեց, որ պետք է ճիշտ դիրքավորվեն պետականության նպատակի շուրջ։