15/01/2024 12:27
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը չեն վաճառվի. ՀԾԿՀ-ն մերժում է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 15-ի նիստում որոշմամբ համաձայնություն էր տվել, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունն իր բաժնետոմսերի 100 տոկոսը կարող է վաճառել։
Ըստ դիմումի, «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը դիմել էր հանձնաժողով, որպեսզի թույլտվություն ստանա վաճառել իր բաժնետոմսերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությանը։ Գնումն իրականացվելու էր Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից։
ՀԾԿՀ հունվարի 17-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը որոշել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժել։
«Մերժել հայտով նախատեսված՝ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»,-նշված է որոշման մեջ։
Նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։