15/01/2024 17:14
Սպանությունների թիվը նվազել է, մյուս հանցագործություններն ավելացել են. ՆԳՆ
ՀՀ-ում 2023 թ.-ի 11 ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մի շարք ուղղություններով հանցագործությունների աճ է նկատվել, 2023 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 35,052 դեպք․ դեպքերն ավելացել են 5,3 %-ով կամ 1,771-ով։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 33,281 դեպք։
Արամ Հովհաննիսյանը նշեց, որ սպանությունների թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է հանկարծամահությունների թվով, իսկ իրական զուտ՝ իրական սպանությունները նվազել են։
«Սպանությունների թիվը նվազել է 7-ով (2022 թվականին արձանագրվել է 52 դեպք, իսկ 2023-ին`45)։ Խարդախությունների դեպքերը 342-ով աճել են, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերն աճել են 226-ով։
Առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության թիվն ավելացել է 2,354-ով, իսկ զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության թիվը` 300-ով, իսկ կաշառքի դեպքերն աճել են 340-ով»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված հանկարծամահության դեպքերով ևս նախաձեռնվում են քրեական վարությներ՝ սպանության հատկանիշներով, ինչով էլ պայմանավորված է նման հանցատեսակի կտրուկ աճը։