15/01/2024 22:36
Կանանց դեմքի մազակալման հիմնական պատճառները
Հիրսուտիզմը կանանց շրջանում նկատվող երևույթ է, որը հանգեցնում է նրանց դեմքի, կրծքավանդակի և մեջքի շրջանում «տղամարդկային» տեսակի մուգ կամ կոշտ մազակալման:
Հիրսուտիզմի դեպքում հավելյալ մազերի աճը հաճախ առաջանում է արական սեռական հորմոնների (անդրոգենների) ավելցուկից, հիմնականում՝ տեստոստերոնից:
Հիրսուտիզմը բուժել ցանկացող կանանց համար հասանելի են ինքնօգնության մեթոդներ և արդյունավետ բուժման տարբերակներ:
Մասնագետներն ունեն ամենատարբեր կարծիքներ այն մասին, թե ինչն է համարվում մազերի հավելյալ աճ:
Երբ արական սեռական հորմոնների՝ անդրոգենների բարձր մակարդակը առաջացնում է հիրսուտիզմ, ժամանակի ընթացքում կարող են զարգանալ այլ նշաններ, որը կոչվում է վիրիլիզացիա:
Վիրիլիզացիայի նշանները կարող են ներառել՝
ձայնի հաստացում կամ կոպտացում,
ճաղատացում,
ակնե,
կրծքի չափերի փոքրացում,
մկանային զանգվածի ավելացում։
Դեմքի կամ մարմնի ավելցուկային մազերը հաճախ որևէ հիմնական առողջական խնդրի ախտանիշ են: Գնահատման համար դիմեք բժշկի, եթե մի քանի ամսվա ընթացքում զգում եք դեմքի կամ մարմնի վրա մազածածկույթի ուժեղացած կամ արագ աճ:
Համապատասխան մասնագետները խնդրին ծանոթանալուց հետո կարող են ուղղորդել հորմոնային խանգարումների (ներզատաբան կամ էնդոկրինոլոգ) կամ մաշկային խնդիրների (մաշկաբան կամ դերմատոլոգ) ոլորտում մասնագիտացած բժշկի մոտ:
Մազակալումն ու մազերի գերաճը կարող է կապված լինել նաև այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ. այս վիճակը, որը հաճախ սկսվում է սեռական հասունացման հետ, առաջացնում է սեռական հորմոնների անհավասարակշռություն:
Տարիների ընթացքում ՊՁՀ-ը կարող է դանդաղորեն հանգեցնել մազերի ավելորդ աճի, անկանոն դաշտանի, գիրության, անպտղության և երբեմն ձվարանների վրա բազմաթիվ կիստաների:
Քուշինգի համախտանիշ. սա առաջանում է, երբ մարմինը ենթարկվում է կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակներին: Այն կարող է զարգանալ մակերիկամների կողմից, որոնք չափազանց շատ կորտիզոլ են արտադրում կամ երկար ժամանակահատվածում այնպիսի դեղամիջոցներ ընդունելուց։
Բնածին մակերիկամային հիպերպլազիա. այս ժառանգական հիվանդությունը բնութագրվում է մակերիկամների կողմից ստերոիդ հորմոնների, այդ թվում՝ կորտիզոլի և անդրոգենների գերարտադրությամբ:
Ուռուցքներ. հազվադեպ, ձվարանների կամ մակերիկամների անդրոգեն արտազատող ուռուցքը կարող է առաջացնել հիրսուտիզմ:
Դեղորայք. որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել հիրսուտիզմ: Եթե զուգընկերը օգտագործում է անդրոգեններ պարունակող տեղային միջոցներ, դուք նույնպես կարող եք ենթարկվել այդ նյութերի ազդեցությանը մաշկից մաշկ շփման միջոցով:
կան մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել ձեր հիրսուտիզմի զարգացման հավանականության վրա:
Ընտանեկան պատմություն. հիրսուտիզմ առաջացնող մի քանի հիվանդություններ և վիճակներ՝ ներառյալ մակերիկամների բնածին հիպերպլազիան և պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, կարող են փոխանցվել ժառանգաբար:
Էթնիկ ծագում. միջերկրածովյան, մերձարևելյան և հարավասիական ծագում ունեցող կանայք ավելի հավանական է, որ մարմնի վրա ավելի շատ մազեր ունենան՝ առանց հայտնաբերելի պատճառի, քան մյուս կանայք:
Գիրություն. ճարպակալումը ևս հանգեցնում է անդրոգենների արտադրության ավելացմանը, ինչը կարող է վատթարացնել հիրսուտիզմը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն