15/01/2024 12:41
Այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել՝ հարձակվում է եկեղեցու դեմ, փակում թատրոններ. Ավետիք Չալաբյան
Այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, օրինակ՝ հարձակում է սկսում եկեղեցու դեմ, ձերբակալում են գեներալներին, փակում են թատրոնները. լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ով նույնպես ներկա էր «Գոյ» թատրոնի կոլեկտիվի կազմակերպած բողոքի ակցիային, որով պահանջում են չմիավորել «Գոյ» և Սունդուկյան թատրոնները։
«Թատրոնը և ընդհանրապես մշակութային ցանկացած կոլեկտիվ հասարակության կարևոր մաս է, թույլ է տալիս միասին մեզ զգալ հասարակություն, զգալ որակյալ հասարակություն, մշակութային և ինտելեկտուալ հասարակություն։ Հիմա այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել։ Այս ամենը ինձ հիշեցնում է 30-ականների նացիստական Գերմանիան, երբ որ բերում էին քաղաքների կենտրոններում խարույկներ էին վառում և իրենց դուր չեկած հեղինակների գրքերը գցում էին խարույկների մեջ։ Եթե Փաշինյանի իշխանությունը կարողանա վերարտադրվել, չեմ զարմանա, որ ինչ-որ ժամանակ հետո Րաֆֆու, Նժդեհի գրքերը այրեն, Նժդեհի, Նեմեսիսի արձանները հանեն, որովհետև իրենց գործունեության ոճը դա է»,-ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ թատրոնի կոլեկտիվն անկախ քաղաքացիական ձայն ունի և նրա գոյությունը ֆինանսական չնչին ծախս է պահանջում։ «Գոյվ» թատրոնը հարվածի տակ է ընկել, քանի որ այս նյութապաշտ իշխանության դոկտրինի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա։