15/01/2024 14:25
Իշխանությունը բանակում մահերը կանխելու համար փորձում է գնալ զուտ չոր իրավական գործընթացներով. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
ԶՈւ-ում գրանցված ցանկացած միջադեպ և՛ ընտանիքների, և՛ մեզ համար՝ որպես պետության, ողբերգություն է. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում մեկ շաբաթվա ընթացքում գրանցված մահվան երեք դեպքերին։
«Իրավիճակը կարելի է դիտարկել երկու մակարդակում, առաջինը բուն քրեական գործերն են։ Պետք է հստակ լինեն իրավիճակի ողջ տրամաբանությունն ու հանգամանքները, որպեսզի հստակ հասկանանք՝ որտեղ են խնդիրները և ինչ լուծումների պետք է գնալ»,-ասաց նա։
Ըստ Աբրահամյանի՝ պետք է հասկանալ նաև յուրաքանչյուրի պատասխանատվության չափաբաժինը՝ ռազմաքաղաքական ղեկավարության տեսանկյունից․ գումարտակ, զորամաս, զովամիավորում։
«Հարուցված քրեական գործերից հետո էլ լուծումներ չեն լինում, քանի որ բուն պատճառները դուրս չեն բերվում, խորապես արմատներին չեն գնում և դրա համար էլ լուծումներ չեն լինում»,-ասաց նա։
Նա օրինակ բերեց, երբ ողբերգական դեպքերը տեղի են ունում մարտական դիրքերում քնելու և դրանից բխող կոնֆլիկտների հետևանքով։
«Հիմա սրա կարճ ճանապարհը, որ իշխանությունը տարբեր փուլերում արել է, հրամանատարական տարբեր պաշտոններից մարդկանց ազատումներն են։ Մարդկանց ազատումները չեն բերում խնդիրների լուծմանը, պետք է հասկանալ՝ մարտական հենակտում ինչու են քնում՝ հոգնածության խնդիրն է, միգուցե, այն է, որ երկար ժամանակ մարտական դիքերում է և հերթափոխը ժամանակին չի լինում, անձնակազմը բավարար չափով չի լինում և դա իր հերթին շղթայական բերում է մեծ խնդիրներ»,-ասաց նա՝ պնդելով, որ այս պահին ԶՈՒ-ում այդ լուծումները չի տեսնում։
«Իմ տպավորությամբ՝ իշխանությունը փորձում է գնալ զուտ չոր իրավական գործընթացներով և չկանխել հետագա նմանատիպ իրավիճակները»,-ասաց նա։