15/01/2024 14:51
Բանակցություններում կտրուկ փոփոխություններ չեն եղել, դրական առումով զարգացում կա. Ալեն Սիմոնյան
Ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, բանակցային փոխանակումը շարունակվում է, կարելի է ասել՝ դրական առումով զարգացում կա. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի կողմից հնչեցված տարածքային պահանջներին, որը Նիկոլ Փաշինյանը համարել էր բացարձակապես անընդունելի։
«Ալիևի հռետորաբանության վերաբերյալ վարչապետի արձագանքը կարելի է զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն փոխանակված թեզերից, որ տեղ են գտել բանակցություններում»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը պնդեց, թե չկա որևիցե կետ, որ խաղաղության պայմանագրով ՀՀ-ն միակողմանի պարտավորվում է։
«Ամբողջ թեզերը, որ կան, վերաբերում են երկու կողմերին, չկա թեզ, որ միայն Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի, կամ՝ Հայաստանը։ Կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս դրությամբ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը համառորեն չի համաձայնվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց. «Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության մասին բազմիցս հայտարարություն է արել, նաև ՌԴ նախագահի ներկայությամբ, հարցազրույցների ժամանակ, այո՛, բառացի 29 800 քմ կմ-ի մասին չի խոսել, բայց մենք սպասում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, որը կհստակեցվի սահմանագծման առումով և գուցե դա է պատճառը, որ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց, միգուցե պահում են հետագա սակարկման համար»,-ասաց նա։