15/01/2024 12:10
Տո ի՞նչ ես ընկել մեյդան. էդ փոխնախարարը հաստատ թատրոն չի գալիս, եթե գար, ինձ հաստատ կճանաչեր. Նիկոլայ Ծատուրյան
Մենք էլ ուրիշ խնդիրներ չունենք չէ՞ մեր երկրում, անվտնագությունը պահպանելու համար ամեն ինչ արել ենք, մնացել է սա, ու հիմա ընկել են էս հարցերի հետևից։ Չեն հասկանում, թե առաջնայինն ինչն է, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արդարադատության փոխնախարարի հայտարարությանը՝ նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Ծատուրյանը զարմացած է, թե ինչու է Արդարադատության փոխնախարարը նման հարցեր քննարկում, երբ գոյություն ունի ԿԳՄՍՆ-ն։
«Եկել, հիմար հարցեր են քննարկում։ Ես պրոֆեսոր եմ, համալսարանում կուրս ունեմ, որը վարում եմ։ Արդեն 51 տարի համալսարանում եմ և իմ ուսանողները բոլորն էլ շատ հայտնի մարդիկ են։ Էդ ձեր արդարադատության փոխնախարարը գալի՞ս է թատրոն, հաստատ չի գալիս, քանի որ եթե գար, կտեսներ իմ ներկայացումները և կհասկանար, որ արժանի եմ այդ կոչմանը։ Ախր ըտենց չի էլի, վեր ա կացել, խոսում ա։ Ի՞նչ ես ասում է։ Հաստատ նա թատրոն չի գնում, չի նայում, որովհետև եթե նա իսկապես մի քիչ ավելի տեղյակ լիներ, այդ հարցը նույնիսկ չէր բարձրացնի։ Հներից մնացել ենք 10 հոգի մարդ, է հա, դա էլ վերցրեք, տեսնենք ինչ է լինում։ Անլուրջ բան է։ Գիտեք փողոցում ինձ ինչքան մարդ է կանգնեցնում, բարևում։ Շատ ջերմ են։ Ի՞նչ գործ ունես, ինչի ես եկել մեյդան։ Էդ նույնն ա, ինչ ես իրեն սկսեմ արդարադատությունից խորհուրդներ տալ»,- զայրացած նշեց Ծատուրյանը։
Հիշեցնենք՝ Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն այսօր ԱԺ նիստին հայտարարեց, որ պետությունն առաջարկում է այլևս պատվավոր կոչումներ չտալ.
«Շատ հաճախ ժողովրդականությունը կամ վաստակավոր լինելը որևէ կերպ կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել, այդպիսի անձինք էլ կան։
Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։
Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո՛, լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»,- ասաց փոխնախարարը։