15/01/2024 22:04
«Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպումը անարդյունք և անհեռանկար միջոցառում է․ Կրեմլ
«Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպումը անարդյունք և անհեռանկար միջոցառում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ում լրագրողները խնդրել են մեկնաբանել Դավոսւմ հունվարի 14-ին տեղի ունեցած «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպման արդյունքները։
«Առանց Ռուսաստանի մասնակցության՝ Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներ կարող են տեղի ունենալ, բայց դրանք զուրկ են որևէ արդյունքից ու հեռանկարից»,- ասել է Պեսկովը։
«Ըստ էության, դրանք խոսակցություններ են՝ հանուն այդպիսի խոսակցությունների անցկացման։ Այդ գործընթացը չի կարող որևէ կոնկրետ արդյունքի հանգեցնել մի պարզ պատճառով՝ մենք այնտեղ ներգրավված չենք»,- ընդգծել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմաակը հայտարարել էր, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպման մասնակիցները միասնական դիրքորոշում չեն ունեցել, Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնացիո Կասսիսն էլ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ քննարկմանը «անհրաժեշտ է ներգրավել նաև Ռուսաստանին»։
Նշենք նաև, որ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես մեկնել էր Շվեյցարիա՝ մասնակցելու «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Այդ մասին հաղորդել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը: