15/01/2024 11:20
Հայաստանը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Մակունց (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով, «Ազատության» հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։
Ընդգծելով, որ Հայաստանի առաջնահերթություններն են շարունակում մնալ անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը՝ Մակունցը շեշտել է՝ սա է ուղենիշը, և բոլոր քայլերն այդ թվում՝ Վաշինգտոնում, միտված են հենց այս հիմնարար շահերը սպասարկելուն և պաշտպանելուն։
Երևանը պետք է շարժվի հայ-ամերիկյան հարաբերությունների տեմպը շարունակ ավելացնելու ուղղությամբ, ասել է դեսպանը։
«Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանում բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու կարգավորումը չեն հակադրվում միմյանց։ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ, այլ միտված են համակողմանի պաշտպանելու մեր կենսական շահերը», - ընդգծել է Մակունցը։
Մոսկվան մեղադրում է Արևմուտքին տարածաշրջանից իրեն դուրս մղելու փորձերի համար։ Երևանն էլ հակադարձում է՝ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ չկա, «Երևանն ուղղակի նաև արևմտյան գործընկերների հետ սկսել է քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։