15/01/2024 17:04
Ձկնորսներն ուզում են ապօրինի ձուկ բռնել երբ ու ինչքան ուզում են. մեկ տարում Սևանի սիգը 4700-ից դարձել է 3950 տոննա. ՇՄ նախարար
2022թ.-ին Գիտությունների ազգային ակադեմիայի գնահատմամբ՝ Սևանում 4700 տոննայի չափ սիգ տեսակի ձուկ է եղել, իսկ 2023թ.-ին այդ թիվը նվազել է 3950-ի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Մինչդեռ ըստ նրա՝ պետության կողմից օրինական որսի համար տրամադրած քվոտայով 390 տոննա ձուկ բռնելու սահմանին չեն հասել։
«2023թ.-ի քվոտայի տրամադրման թիվը մտահոգության տեղիք է տալիս։ Դեկտեմբերյան իրադարձությունները և քվոտայի 390 տոննայից օգտվելն այդքան էլ իրարից առանձին չեն։ Այսինքն՝ քվոտայից չեն օգտվել, օրինական հնարավորությունից չեն օգտվել, բայց ապօրինի որսի մասշտաբներն, ըստ էության, մեծ է եղել»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ ձկնորսներն ուզում են բռնեն ձուկ այնքան, ինչքան ուզում են, և բռնեն այն ժամանակ, երբ ուզում են։ «Անգամ եթե դա կենդանական աշխարհի զարգացման տրամաբանությանն ուղիղ հարված է հասցնում։ Ձկնորսների հետ հանդիպել եմ, մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ քննարկենք, գտնենք բանաձևը, որ ձկնորսության գործընթացը բերենք օրինական դաշտ, ապօրինությունների շղթան ի վերջո փակվի։ Դեկտեմբերին պետությունը ձվադրման փուլում ձկնորսներին արգելեց ձուկ բռնել, որովհետև դա մեծ ազդեցություն կունենա սիգի բնական վերարտադրման վրա»,-ասաց նա։