15/01/2024 11:12
Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը, պահանջում ենք մեր տունը չքանդել. Ակցիա
Գոյ թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղարկելու պահանջով։
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղաղ քաղաքացիական հավաք են կազմակերպել, «Գոյ»-ի անձնակազամը հավաքվել է և պահանջում է «իրենց տունը չքանդել»։
«Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել։ Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում»,-ասաց նա։
Արթուր Սահակյանը նշեց, որ ԿԳՄՍն-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին, և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի, համաձայն են միավորվելու։
«Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ»,-ասաց նա և նշեց, որ այսօր նաև երթով կգնան Վերաքննիչ դատարան, որ պահանջեն անօրինական գործը կասեցվի։