15/01/2024 11:55
Կարեն Սիմոնյանը պարզապես ստախոս է, դուրսպրծուկ, նա նշանակվել է «Գոյ» թատրոնի տնօրեն, որպեսզի միաձուլման որոշման տակ ստորագրի. Դերասաններ
«Գոյ» թատրոնի նոր նշանակված տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանը նշանակվել է, որպեսզի իրականացնի նախարարության հրամանը, այն է՝ ստորագրել մեր և Սունդուկյան թատրոնի միաձուլման որոշման տակ, որին ողջ թատրոնը դեմ է. բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը։
Դիտարկմանը, թե Կարեն Սիմոնյանն ասել է, որ չի պատրաստվում գալ և ստորագրել, ուղղակի գալու է ուսումնասիրելու թղթերը՝ Արթուր Սահակյանը պատասխանեց. «Կարեն Սիմոնյանը հայտնի է իր ստերով, պարզապես սուտ է ասել, նա երդվեց երեխաներով, ասաց, որ հողուջրի մարդ է, դավաճան չի..., բայց ես գիտեմ, որ եթե ստորագրելու չլիներ՝ չէր գա, նա պետք է մի բան ասեր, արդարացումներ լինեին։ Փաստն այն է, որ երեկ հարցրել են, ասել է՝ հա ստորագրելու եմ»,-ասաց նա։
Թատրոնի դերասաններից Արսեն Ազիզյանը Կարեն Սիմոնյանին անվանեց «տմարդ», ով թեև բոլորին ճանաչում է, բայց որոշել է «կարիերա անել»։ «Ինքը կարիեռա է ուզում անի, դրա համար ստորագրելու է, իրեն գոհացնում է փաստը, որ մի շաբաթով տնօրեն դառնա և մեր անձնակազմի փոխարեն խմբակի տնօրեն դառնա։ Նման դուրսպրծուկ Կարեն Սիմոնյանի հետ մենք չենք ուզի աշխատել»,-ասաց նա։
Թատրոնի աշխատակազմի շահերը ներկայացնող փաստաբան Կարո Ասատրյանը նշեց, որ օրենսդրությունն արգելում է դատական գործընթացը չավարտած՝ որոշում կայացնել, թեև Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դրանք տարբեր գործընթացներ են։