15/01/2024 19:43
Լոս-Անջելեսի դատարանի հրապարակած տվյալները լիարժեք չեն և բավարար հիմք չեն. ԿԳՄՍՆ-ն Դիանա Գալոյանի գործով դիմել է ԱԳՆ
Aysor.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ուսումնասիրե՞լ են ՀՀ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գործը․ Գալոյանն, ըստ մամուլի հրապարակումների, ԱՄՆ-ում մեղադրվել է գողության մեջ:
Ի պատասխան մեր հարցման, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը նշել է. «Հայտնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ուսումնասիրելով Դ. Գալոյանի ենթադրյալ օրինախախտման վերաբերյալ մամուլում շրջանառվող փաստաթղթերի պատճենները և Լոս Անջելեսի դատարանի կայքի առցանց որոնման համակարգում հրապարակված ապանձնավորված տվյալները, որտեղ արտացոլվում էր միայն օրինախախտումը կատարած անձի անուն-ազգանունը՝ առանց հավելյալ նույնականացնող տվյալների, 2023թ. նոյեմբերի 29-ի գրությամբ դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ պատկան մարմիններից օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի պատճենը կամ վերջինիս մասին պատշաճ կերպով վավերացված տեղեկատվություն ստանալու նպատակով, քանի որ մամուլում շրջանառվող պատճենները և Լոս Անջելեսի դատարանի կայքում հրապարակված ապանձնավորված տվյալները կամ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված փաստաթղթերը բավարար հիմք չեն կարող համարվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով վարույթ նախաձեռնելու համար:
Հարցման վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացվել»:
Հիշեցնենք, որ 2023թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինքը տեղյա՞կ է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու մեջ, ուսումնասիրե՞լ է այդ գործը։
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարն արձագանքեց, որ գերատեսչությունում տեղյակ են և զբաղվում են դրանով․ «Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»,- ասել էր Անդրեասյանը: