15/01/2024 22:47
2023 թվականը ռեկորդային տաք տարի է եղել․ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն
Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի էջից տեղեկանում ենք՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) պաշտոնապես հաստատել է, որ 2023 թվականը ռեկորդային տաք տարի է համարվել։ Միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը 1․45°C-ով ավելի է նախարդյունաբերական ժամանակահատվածի (1850-1900թթ․) միջին ջերմաստիճանի նկատմամբ։ Համաշխարհային ջերմաստիճանի մոնիթորինգի համար օգտագործվող և ՀՕԿ-ի կողմից հաստատված վեց գլոբալ տվյալների աղբյուրները ցույց են տալիս, որ 2023 թվականին գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը 1․45 °C-ով (± 0․12 °C) բարձր է եղել նախարդյունաբերական ժամանակահատվածի միջինի նկատմամբ:
1980-ական թվականներից ի վեր յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը։ Անցած ինը տարիները եղել են պատմության մեջ ամենատաքը:
2016 և 2020 թվականները նախկինում դասվել են որպես ռեկորդային ամենատաք տարիները՝ 1․29 (±0․12°C) և 1․27 (±0․12°C) ջերմաստիճանային շեղումներով։
Գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ մոնիթորինգը կլիմայի և դրա փոփոխության միայն մեկ ցուցանիշ է: Այլ հիմնական ցուցանիշները ներառում են ջերմոցային գազերի կոնցենտրացիան, օվկիանոսի ջերմությունը և թթվայնացումը, ծովի մակարդակը, ծովի սառույցի զբաղեցրած մակերեսը և սառցադաշտերի զանգվածի փոփոխությունը: