16/01/2024 12:12
Քաղաքական առումով հետաքրքիր եմ համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Ներկայացվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը:
«Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մայիսին հայտարարել էր, որ Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ՝ ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը: