16/01/2024 11:41
Հայաստանն Ադրբեջանի հետ խոսում է և՛ ուղիղ, և՛ միջնորդների միջոցով. Գևորգ Պապոյան
Ադրբեջանի հայտարարությունը, որ հետ չեն գնա ՀՀ օկուպացված տարածքներից, ապակառուցողական է ու չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Հստակ է, որ առանց քարտեզների՝ ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ առաջացնելով քաղաքական նոր լարվածություններ»,- ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանը պնում է՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվի քարտեզը։
Գևորգ Պապոյանը նշեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խոսում է և՛ ուղիղ, և՛ միջնորդների միջոցով։
«Ես կարծում եմ, որ մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումները հարգվում ու ընդունվում են»,- ասաց ՔՊ-ականը։
Առաջիկայում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում նախատեսված չէ։ Պատգամավորը ենթադրում է՝ մինչև Ադրբեջանում ընտրությունների ավարտը դժվար նման հանդիպում լինի։