16/01/2024 14:42
ԵԱՏՄ երկրների համար պետք է գործեն ընդհանուր էներգետիկ շուկաներ՝ ոչ խտրական սկզբունքներով. Նիկոլ Փաշինյան
ԵԱՏՄ-ի առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը. էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ առանց խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը, այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը նա հղել է 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ։
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների ու գործիքների վերանայում։
Փաշինյանն ասել է, որ տնտեսական համագործակցության առանցքային տարրը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտն է։
«Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել տարանցիկ ներուժը և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռ բավարար չափով չեն օգտագործվում անդամ երկրների կողմից։ Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման ուղղությամբ՝ առավելագույնի հասցնելով միջազգային կազմակերպությունների և միջազգային զարգացման ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը։