16/01/2024 17:11
Գոնե հիմա հասկացե՞լ եք ձեզ ոնց օգտագործեց ու դեն նետեց․ Ընդամենը 4 գերատեսչություն 5 մլրդ դրամից ավելի պարգևատրում է ստացել․ Աննա Մկրտչյան
Իշխանազավթն ունի կիրառվող մեկ բանաձև՝ մարդկանց օգտագործիր ու դեն նետիր․ ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այս բանաձևը կիրառեման որևէ բացառություն չունի՝ 2018-ին անձայն ընդհատակ անցած պաշտոնյայից մինչև ակտիվիստ, վաստակավոր և ժողովրդական կոչում ստացած 2018-ին դագաղների և ծաղկապսակների ֆոնին կոկորդ պատռողից մինչև օլիգարխ, հարմարված և արդեն խոշոր սեփականատեր դարձած» ,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հիշատակեց հասարակության գրեթե բոլոր այն շերտերին, որոնք 2018-ին մասնակից են եղել իշխանափոխությանը, իսկ հիմա բազում խնդիրների են բախվել։ Բոլորին դիմելով, Մկրտչյանն ասաց՝ գոնե հիմա հասկացե՞լ եք ձեզ ոնց օգտագործեց ու դեն նետեց։
«Հիմա հասկացել եք, այն ամենից, ինչից խոսում էր, դժգոհում էր, էդ ամենը ենթադրում էր ինքն իր համար ունենալ և ձեր վրա օրեցօր ավելացող ֆինանսական բեռը գնում է պարգևավճարներ բաժանելուն ու այդ ֆոնդն ավելացնելուն։ Վերջերս ընդամենը 4 գերատեսչության պարգևատրումներն եմ հաշվել, որը գերազանցել է 5 մլրդ դրամը» ,-ասաց պատգամավորն ու ընդգծեց, որ այս ամենին վերջ կա և վերջը լինելու է, երբ սրանից ազատվենք։