16/01/2024 18:54
Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։
«Ալիևը, տեսեք, ինչ է հայտարարում, արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադերբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են։ Այսինքն՝ Ալիևի ասածն ի՞նչ է, համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն։ Իրականությունն այն է, որ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի», - «Ազատության» հետ զրույցում ասել է քաղաքական գործիչը։
Զուրաբյանը հիշեցրել է Արայիկ Հարությունյանի՝ Գրանադայից հետո արված գրառումը, որ ոչ մի վատ բան չի պատահել, մենք գնացել ենք Գրանադա, ստացել ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է, Ադրբեջանը ոչ մի բան չի ստացել։ «Այս մարդիկ ապրում են զուգահեռ աշխարհում, սա լուրջ խնդիր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև այն ժամանակ մենք միանգամից ասացինք՝ դա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանը հանել է օրակարգից։ Այդ պահին իրենց պետք էր մարսել Ղարաբաղի դատարկումը, էթնիկ զտումը, և իրենք պատրաստ էին ինչ-որ կառուցողական հայտարարություններ անել մի քիչ թմրեցնելու, մի քիչ բթացնելու աշխարհի զգոնությունը և բարձրացրած ալիքը դատապարտման»,-ասել է նա։