16/01/2024 14:35
Քաղհասարակության՝ դեպի իշխանություն գաղթից հետո դաշտում վակուում ստեղծվեց. ընդդիմությունը անելիքներ ունի. իրավապաշտպան (Տեսանյութ)
Ամեն ինչ քաղաքականություն է. որոշ պետություններ հետևում են միջազգային որոշ նորմերին միայն որոշ դեպքերում, այսինքն՝ շատերը չեն հետևում երբեք որևէ նորմի։ Միջազգային կազմակերպությունները համաչափ չեն արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին, չի բացառվում, որ աչք փակելու համար քաղաքական շահ ունեն, բայց այլ խնդիր էլ կա։ Կարծում եմ, որ նաև խնդիրների բարձրաձայնման մեխանիզմները լավ չեն աշխատում, մինչև 2018 թվականը բազմաթիվ կազմակերպություններ, շահառուներ արդյունավետորեն էին աշխատում մարդու իրավունքները հակասող օրենքների, քաղաքկանության դեմ, միջազգային կազմակերպությունների հետ էլ սերտ համագործակցություն կար, մինչդեռ հիմա ամենևին այդ պատկերը չէ, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը։
«2018 թվականին, երբ քաղհասարակության ակտիվիստները դարձան իշխանության մաս, քաղհասարակության՝ դեպի իշխանություն գաղթից հետո համալրում չեղավ, նոր, փորձառու, համապատասխան գիտելիքներ, մեխանիզմների կիրառման, ինստիտուցիոնալ փորձառություն ունեցող մարդիկ չեկան դաշտ։
Բնականաբար, կան մարդիկ, կազմակերպություններ, որ բարձրաձայնում են խնդիրների մասին, բայց անհամեմատ քիչ են այդ մարդիկ մինչև 2018 թվականի համեմատությամբ»։
Իրավապաշտպանի գնահատմամբ, ընդդիմությունը նույնպես անելիքներ ունի. ինչ-որ առումով քաղաքական ընդդիմությունը և իրավապաշտպան գործունեություն ծավալող մարդիկ, կազմակերպությունները նույն կողմում են։ Պետք է լինի որոշակի աշխատանք ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև. աշխատանք չի նշանակում շահերի բացարձակ նույնականացում, բայց առանց համագործակցության հնարավոր չէ զգալի արդյունքների հասնել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։