16/01/2024 09:39
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյին խոստացած վաստակավոր արտիստի կոչումը տալու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջան բերած նախագծի հաստատումից հետո, հնարավոր է, որ Հայաստանում այլևս չլինեն վաստակավոր հռչակված արտիստներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ և պետական կառավարման համակարգից անջատ գործող բնագավառի ներկայացուցիչներ։
Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, ԱԺ է ուղարկել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները:
Ստացվում է այնպես, որ, ըստ հեղափոխական իշխանության, եթե մարդը պետական պաշտոնյա չէ, արժանի չէ պետական կոչման կամ պարգևատրման։
Նախագծի ակնկալվող արդյունքը հետևյալն է. «Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում»։
Բանն այն է, որ սրանք ամենևին էլ հավասար պայմաններ չեն, և սա արտոնություն է իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող արտիստների համար։
Այսինքն՝ 2024 թվականից, հնարավոր է, դադարի ՀՀ վաստակավոր մարդկանց պարգևատրումը, և շատ ոլորտներ, ինչպես երաժշտությունը, գիտությունը, ճարտարապետությունը, սպորտը, թատերական ոլորտները, լրագրությունը, չունենան ոլորտի լավագույն մասնագետի պատշաճ օրինակ։
Այս ամենից հետո մի հարց է մնում՝ ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյին խոստացած վաստակավոր արտիստի կոչումը տալու. գուցե իրեն օգնական նշանակելո՞վ, քանի որ ՀՀ-ում այլ արժանավորներ չկան, չեն լինելու, բացի պետական պաշտոնյաներից»։