16/01/2024 09:53
«Հրապարակ». Ոչ միայն համաձայն է, որ Ամուլսարի հանքը շահագործվի, այլև դրան փայատեր է դարձել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։ Փոխանցումը ձևակերպվել է որպես «արբիտրաժային դատարանի ծախսեր»։ Գումարը որպես գրավ փոխանցվել է ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի առնչությամբ։ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի մասին համացանցի աղբյուրներում որևէ տվյալ չկա, սակայն տարիներ առաջ խոսվում էր, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ հանք տանող ճանապարհն արգելափակված էր, իսկ Հայաստանի կառավարությունը մի կողմից դեմ չէր հանքի շահագործմանը, մյուս կողմից ոչինչ չէր անում այդ շահագործումը հնարավոր դարձնելու և ճանապարհը բացելու համար:
Միայն 2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ ոչ միայն համաձայն է, որ հանքը շահագործվի, այլև դրան փայատեր է դարձել, ինչպես դա եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում։ Կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, հայտարարեց, որ կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը։ Ուստի ենթադրվում է, որ «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Լիդիան Արմենիայի» հետ։
Ինչ վերաբերում է Միջնորդ դատարանի մշտական պալատին, ապա այն միջազգային արբիտրաժային դատարան է, որին անդամակցում է շուրջ 100 պետություն, դատարանն ընդունում է ինչպես պետությունն ընդդեմ պետության, այնպես էլ միջազգային մասնավոր կազմակերպություններն ընդդեմ պետության հայցադիմումներ»։