16/01/2024 09:43
«Հրապարակ». Ո՞ւմ «վզով» է գցել առողջապահության նախարարը Մարտունու հիվանդանոցի թերացումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «կախիչ-դուշ» շոուից հետո, իրեն ապահովագրելու համար, գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին բացված Մարտունու հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։ Տեղեկացանք, որ կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, որի հետևանքով ազատվել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը։ Նախարար Ավանեսյանը նրանց «վզով» է գցել Մարտունու հիվանդանոցի թերացումները։ Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ փոխնախարարներին նշանակում և ազատում է կառավարության ղեկավարը։ Ըստ ամենայնի, Նազարյանի ազատման հրամանը կլինի շաբաթներ անց, քանի որ, մեր տեղեկություններով, մինչև ազատման դիմում գրելը նա ամենամյա արձակուրդի դիմում է ներկայացրել՝ մինչև փետրվարի կեսերը, ապա երկրորդ՝ ազատման դիմումն է հասցեագրել նախարարին»։