16/01/2024 17:18
Արատավորում են ոչ միայն իրենց համազգեստի, այլև՝ ողջ իրավապահ համակարգի պատիվը․ Մհեր Մելքոնյան
ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը․ ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ,
Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, արտաքին սպառնալիքներին առաջինը, որ գալիս է մեր մտքին բնականաբար, մեր հանրապետության զինված ուժերն են։
Սակայն, բացի արտաքին վտանգներից, ցանկացած երկրում, և Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ, կան նաև ներքին սպառնալիքներ, որոնք հաճախ ոչ պակաս վտանգ են ներկայացնում։ Միևնույն ժամանակ, անհեթեթությունը հաճախ կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է պաշտպանեն մեր քաղաքացիների շահերը երկրի ներսում, վերածվում են սպառնալիքի, որի դեմ պայքարելը կրկնակի դժվար է։
Վերջին հինգ տարիների ընթացքում ոստիկանական ապօրինությունների մի նոր չարիք է պատել մեր երկիրը։ Ավելի ու ավելի հաճախ ականատես ենք լինում , թե ինչպես են իրավապահներն իրենց հակաօրինական քայլերով արատավորում են ոչ միայն իրենց համազգեստի, այլ նաև երկրի ողջ իրավապահ համակարգի պատիվը։
Թվում է, թե լայնորեն գովազդվող նոր ոստիկանի կերպարը և իշխանությունների կողմից կյանքի կոչված իբր բարեփոխումները,որի արդյունքում համակարգը պետք է մաքրվեր պատահական մարդկանցից, ովքեր հաճախ իրենց անձնական շահը շատ ավելի բարձր են դասում ոստիկան կոչվելու պատվից:
Սակայն իրավապահ մարմինների շարքերը ոչ բարեխիղճ աշխատակիցներից մաքրելու գործընթացը ոչ միայն տեղի չունեցավ, այլ ընդհակառակը. տպավորություն է ստեղծվում, որ այն աշխատակիցները , ովքեր աչքի ընկան իրենց բռնի գործողություններով շարունակում են կրել ոստիկանի ուսադիրները և լիակատար վայելել անպատժելիության բերկրանքը։
Ամենազարմանալին այն է, որ շատ դեպքերում հակաիրավական գործողություններ կատարած ոստիկանության ծառայողները պարզապես նկատողություն են ստանում,իսկ ծայրահեղ դեպքում՝ հեռացնում համակարգից:
Իրավապահ մարմինների կամայականությունները սահմանափակելու միակ միջոցը, քաղաքացիների նկատմամբ ոչ թե քրեական նորմերը փոխելու հարթությունն է, այլ իրավակիրառ մեխանիզմների ստեղծումն ու պահպանումը ։
Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից հակաօրինական գործողությունները կանխելու համար անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները
-Խիստ պատիժ սահմանել բռնի և ոչ իրավաչափ գործողությունների համար:
-Ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքների քննության մեթոդների բարելավում և լուրջ վերահսկողություն
Միայն այս միջոցները թույլ կտան բնակչությանը պաշտպանություն ապահովել ոստիկանության և այլ իրավապահ մարմինների անօրինականությունից:
Ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների բռնի գործողությունները լուրջ խնդիր են, որը համալիր լուծում է պահանջում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների խախտումները կանխելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար»: